Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը

Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:

«Երիտասարդները մեր համայնքի ողնաշարն են, այդ իսկ պատճառով ներդրումներ ենք կատարել հօգուտ նրանց՝ բոլորի համար ստեղծելով զարգացման համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ: Սա համայնքի ներառականությունն ապահովելու գործում կարևոր օղակ է, քանի որ այն կծառայի նաև Գավառի մանկատանը։ Համոզված ենք, որ այսօրվանից այս կենտրոնը դառնալու է մեր երիտասարդների սիրելի վայրը», – նշել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը։

Նշենք, որ տարեկան կտրվածքով երիտասարդների տունը կկարողանա սպասարկել 400-500 շահառուի. այս պահին օգտվում է 140 երիտասարդ։

«Յուրաքանչյուր համայնք դեռահասների համար նախատեսված վայրերի և ծառայությունների մատուցման կարիք ունի, որպեսզի նրանք կարողանան օգտվել ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից, փորձեն միասին լուծել համայնքային խնդիրները, սովորեն թիմում աշխատել՝ դառնալով իրենց համայնքի ակտիվ ներկայացուցիչներ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Երիտասարդների տունը կիրականացնի անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդատվություն, կկազմակերպի կրթական սեմինարներ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ժամանցային տարբեր միջոցառումներ: Այն ունենալու է հինգ հիմնական ուղղություն՝ կենտրոնանալով կրթության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության, զվարճանքի և առողջ ապրելակերպի խթանման ոլորտներում։

Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար Գավառի համայնքապետարանն իր բյուջեում ներառել է նաև կենտրոնի շահագործման ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի աշխատավարձերի և կոմունալ ծախսերը:

Միջոցառման շրջանակում ամփոփվել է նաև «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որի շրջանակում դեռահասներն իրականացրել են համայնքային 10 նախագիծ՝ սպորտի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: