Նիկոլը, նիկոլենք, կոռուպցիան ու կոռուպցիայի դեմ պայքարը. 2

ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությունը՝ սահմանադրական օրենքի բացահայտ ու կոպիտ խախտմամբ

 

Սկիզբը` այստեղ 

Այսպիսի մի «զարմանալի» օրաթերթ կա Հայաստանում` «Հայկական ժամանակ»… «Զարմանալի»` ոչ միայն այն առումով, որ իմ և շատ այլոց ընկալմամբ, լինելով, ըստ էության, «Թուրքական ժամանակ», այսինքն, խոշոր հաշվով, ոչ թե հայկական, այլ թուրք- ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող լրատվամիջոց, դեռ կրում է «Հայկական ժամանակ» անվանումը, ու ոմանց էլ դեռ կարողանում է հավատացնել, «Հայկական ժամանակ» է:

Թերթը «զարմանալի» է նաև մեկ այլ առումով. պարզվում է, ժամանակին այստեղ էին հավաքված լրագրողներ և այլ աշխատակիցներ (օրինակ` լրագրող Վահագն Հովակիմյանը, թղթակից, տնտեսական մեկնաբան, 2013-2019թթ. «Հայկական ժամանակ» թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գևորգյանը, թերթի տպագրության պատասխանատու, Նիկոլի աներորդի Հրաչյա Հակոբյանը), որոնք ի ծնե պետական ու քաղաքական գործիչներ էին, աշխարհ էին եկել գրեթե որպես հրաշամանուկներ, վունդերկինդներ և իրենց պատմական առաքելությունն իրականացնելու համար սպասում էին դրա աստեղային ժամին:

Իսկ եթե լուրջ… Եթե Նիկոլն ու նրա ետևում կանգնած ուժերը չլինեին, ապա «Հայկական ժամանակ» կոչված թերթի աշխատակիցները գուցե իրենց ծոծրակը կտեսնեին, բայց «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի և այլ բարձր պաշտոններ դժվար թե տեսնեին, նշված պաշտոններում չէին հայտնվի:

Հոկտեմբերի 7-ին «Ազգային ժողով» կոչվածում տեղի է ունեցել դրա պատմության ընթացքում ոչ միայն իր խայտառակ բնույթով, այլև բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբաննախադեպ քվեարկություն, ինչպես նաև ԿԸՀ նախագահի ընտրության անցած ողջ պատմության ընթացքում դարձյալ իր խայտառակ և ապօրինի բնույթով աննախադեպ ընտրություն. «Ազգային ժողով» կոչվածն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ ու միայն իշխանական պատգամավորների ընդամենը 65 կողմ ձայնով, դրսևորելով հովանավորչություն (կոռուպցիայի արտահայտություններից մեկը), քաղաքական ու համակարգային կոռուպցիա, ԿԸՀ նախագահ է ընտրել պատգամավոր,  խորհրդարանի իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին:

Հովակիմյանը դեռ մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու դրա վարչության անդամ էր, սակայն օրեր առաջ մանդատից հրաժարվելու և կուսակցությունից դուրս գալու դիմումներ էր գրել։ Հավանաբար հենց Նիկոլից երաշխիք էր ունեցել, որ անպայման ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Մարդը որքան պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, պաշտոնի մեռած լինի, որքան «պադավատ», իշխանական այլ արտոնություններ ու բարիքներ երազի, որ բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբ մասնակցի ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում սեփական անձի ընտրությանը… Այո, չզարմանաք հանկարծ (Նիկոլի ղեկավարած Հայաստանում զարմանալու բան այլևս չի մնացել), Հովակիմյանը մասնակցել է իր իսկ ընտրությանը:

Ցանկացած քաղաքակիրթ երկրում անձը որևէ պետական, այն էլ բարձր պաշտոնում ընտրվելուն հաջորդած այսօրինակ խայտառակ սկանդալից հետո հրաժարական կտար, բայց Հովակիմյանից հրաժարական ակնկալելը, կարծում եմ, միամտություն է: Պարզ է նաև, թե կոպիտ օրինախախտմամբ ԿԸՀ նախագահի ընտրությունից հետո ընտրությունները, որոնք նախկինում էլ կոպտագույն խախտումներով են անցկացվել, ինչպես են կազմակերպվելու և անցկացվելու…

Քվեարկության արդյունքներով ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությանը կողմ է քվեարկել ընդամենը 65 պատգամավոր, ինչն, ընդգծում ենք, ընտրության համար անհրաժեշտ նվազագույն քանակն է, այսինքն` եթե Հովակիմյանը ապօրինի չմասնակցեր քվեարկությանը, ապա արդյունքները բավարար չէին լինի իր ընտրության համար: Քվեարկությանը Հովակիմյանի մասնակցությունը մի պահ հարցեր է առաջացրել նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու նույնանուն խմբակցության նրա գործընկերների մոտ, սակայն օրվա «հերոսը» պնդել է, որ իր մասնակցության մասով որևէ արգելք չկա:

Իրեն ուղղված լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հանդես չի եկել շահերի բախման ու քվեարկությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ, և անձամբ քվեարկել է իր ընտրությանը, Հովակիմյանը, երևի շփոթմունքից հայերենը բռնաբարելով կամ պարզապես ցույց տալով հայերենին տիրապետելու իր մակարդակը, բառացիորեն ու տառացիորեն ասել է. «ԱԺ կանոնակարգը շահերի բախում տեսնում ա, երբ որ օրենքների քննարկում է, որը որ դրանից կարող ա անձը ինքը շահեկան լինի» (տես` Արմքոմեդի 1043, 13:00 րոպեից): Այստեղ են ասել` բաբոյի՞դ արև…

Վահագն Հովակիմյանն այսպիսով ի ցույց դնելով թե՛ պատգամավորի, թե՛ ԿԸՀ նախագահի պաշտոններին անհարիր իր իրավական անգրագիտությունը կամ, ավելի հավանական է, ցինիկաբար ու լկտիաբար ստելով, պատասխանել է, որ շահերի բախումը վերաբերվում է միայն օրենքների վերաբերյալ քվեարկությանը (այսինքն` որոշումների վերաբերյալ քվեարկությանը չի վերաբերվում), ինչն ակնհայտ սխալ ու Հայաստանի օրենսդրությանը հակասող պատասխան է:

Նախ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  59-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 2-րդ կետի համաձայն, պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ «հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ»:

Նույն սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 3-րդ մասի ու դրա 6-րդ կետի համաձայն, քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե «շահերի բախում առաջանալու դեպքում նա «Հայաստանի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված կարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ»:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 5-րդ կետի համաձայն, «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու` իր ելույթի»:

Ընդգծենք, որ վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը սահմանված չէ, գրված է ընդամենը հետևյալը. «Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների պաշտոնները, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա մարմինների լիազորությունների կամ գործառույթների իրականացմանն առնչվող այլ պաշտոններ»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի  4-րդ հոդվածի համաձայն, հանրային (պետական) պաշտոն է նաև պատգամավորի պաշտոնը: Նույն օրենքի 33-րդ հոդվածի («Շահերի բախումը») 5-րդ մասի իմպերատիվ պահանջի համաձայն, «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:

Հաջորդ խախտումը. երկու տարի առաջ պատգամավոր Սուրեն Գևորգյանը (հետագայում նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ և անհայտ պատճառներով հեռացվեց) «Ազգային ժողով» կոչվածում միջնորդում էր դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ-ում, քանի որ վերջինս, մինչ ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը, եղել էր ՀՀԿ-ի պատասխանատու անդամ, այսինքն՝ քաղաքականացված սուբյեկտ: Այս դեպքում ևս Վահագն Հովակիմյանը քաղաքականացված սուբյեկտ էր (ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ), հետևաբար ստացվում է, որ առաջ է քաշվել բացահայտ ապօրինի ընթացակարգով:

ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությունը միայն էթիկայի, խախտում, վերոնշյալ օրենքների անտեսում և անձնական շահերով առաջնորդվել չէ, այլ նաև Սահմանադրական կարգի տապալում (Քրեական օրենսգրքի 420-րդ հոդված): Համաձայն ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քր. օր.-ի 420-րդ հոդվածի, «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Տվյալ դեպքում փաստացի դադարեցվել է Սահմանադրության  6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության սկզբունքը. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Վերը շարադրվածը հաղորդում է հանցագործության մասին և հասցեագրված է ինչպես Հայաստանի գլխավոր դատախազին, այնպես էլ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե» կոչվածի նախագահ Սասուն Խաչատրյանին: Սույն հոդվածը հասցեագրված է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը ժամանակին այնտեղ ճամարտակել է կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի վերաբերյալ)` համապատասխան արձագանքի և կոռուպցիայի դեմ պայքարին իր նվիրվածության անկեղծությունն ապացուցելու համար: Ակնկալում եմ նաև, որ ընդդիմությունը համապատասխան դիմումներով կդիմի ինչպես ՍԴ, այնպես էլ գլխավոր դատախազին:

 

Արթուր Հովհաննիսյան