Սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանն ունի 431 զոհ. Ալեն Սիմոնյան

«Չեմ բացառում, որ ԵՄ առաքելության ժամկետը երկարացվի. Ես շատ կուզենամ, որ ոչ միայն ԵՄ-ի, այլև ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ամբողջ սահմանով կանգնեն և տեսնեն, թե արդյոք ով է հրահրում, ով է խախտում հրադադարը»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ադրբեջանը մի կողմից գլուխ է գովում, որ իրենց երկաթե ձեռքը կոտրել է հայկական բանակը, մյուս կոմիղց մեզ մեղադրում են սադրանքների մեջ: Հայկական բանակը, ի հեճուկս մեղադրանքների, այսօր ուղղում է իր մեջքը, կառավարության կողմից ամեն ինչ արվում է՝ մեր զինվորների ոգին բարձրացնելու համար և դրա վառ օրինակն էր սեպտեմբերի 13-ի իրադարձությունների ժամանակ մեր տղաների հերոսամարտը, որոնք հերոսաբար պահեցին ՀՀ սահմանը, որովհետև, իմ ընկալմամբ, 13-ի պատերազմի նպատակները լիովին այլ էին ու, շնորհիվ մեր բանակի, նպատակները չիրականացան»,- ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանը մոտավորապես 2-3 անգամ ավելի շատ զոհ է ունեցել:

«Իմ տվյաներով՝ Ադրբեջանի զոհերի քանակը 431 է, կարող եք հրապարակել այս թիվը՝ ինձ հղում անելով»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք 207 զոհված և անհետ կորած, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը անհայտ է, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: