Ի՞նչ են պատասխանել Ալեն Սիմոնյանին ՌԴ-ում՝ Արցախի հարցի վերաբերյալ

Ռուսաստանում իմ բոլոր հանդիպումներում եղել է իրավիճակը ներկայացնելու և դրա արձագանքի ակնկալիքի սպասումները, ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե արդյոք ՌԴ-ը տարածաշրջանում կատարվելիքը ճի՞շտ է հասկանում և պատրաստվո՞ւմ է որևէ գործողություններ անել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արցախի մասին նույնպես խոսակցություններ են եղել, բայց ընդհանուր տարածաշրջանային զարգացումների կոնտեքստից ելնելով»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանն Արցախի հարցում, նա պատասխանեց. «Ասում են՝ մենք կակտիվանանք: Ինձնից դա հարցնելը ճիշտ չէ, որովհետև այդ հարցադրումները ես եմ անում այնտեղ: Մենք սպասում ենք ավելի լայն ներգրավվածություն ՌԴ-ի կողմից այս պրոցեսին»:

Ալեն Սիմոնյանն ասաց, թե Ռուսաստանում հաճախ ավելի շատ կենտրոնանում են, թե ինքը ինչ հարցազրույց է տվել ու ինչու է քննադատել. «Ներողություն եմ խնդրում, ես դրա պատասխանները մեկից շատ ավելի ունեմ, ներկայացրել եմ, ես այստեղ էլ կարող եմ կրկնել, որ մենք սպասում ենք ու ակնկալում ենք ավելի լայն ներգրավվածություն Ռուսաստանի կողմից», – ասաց ԱԺ նախագահը: