Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: Հրավերն արվել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

«Ես սիրով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Ես այնպես եմ հասկանում, որ հետաքրքրություն կա հանդիպելու, Ռուսաստանում, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում: Մենք ձեզ հետ կքննարկենք և կորոշենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Խոսելով ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին՝ Պուտինը նշել է, որ պետք է ձգտել ստեղծված իրավիճակից առավելագույն ելք փնտրել:

«Իհարկե, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության բոլոր դրական դրսևորումների դեպքում պետք է հասկանալ, որ, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս տարաձայնություններ և հակամարտություններ։ Պետք է, իհարկե, ձգտել ելք փնտրել ստեղծված իրավիճակից, որտեղ էլ որ այն առաջանա։ Բարի կամք, իմ կարծիքով, բոլորն էլ ունեն, պետք է այդ բարի կամքը առավելագույնս օգտագործել»,- նշել է ՌԴ նախագահը: