100 տարի անց էլ Հայաստանի իշխանության առջև դրված են երկու՝ արևմտյան, իսկ իրականում թուրք-նատօական և ռուսական պլանները

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանն այսօր հայտնվել է Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերի արանքում։

Մեկ դար անց Հայաստանը հայտնվել է կործանման եզրին ու պատմությունը կարծես կրկնվում է։

1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց, հետո միայնակ թողեց, իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս, որի արդյունքում թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան մինչև Երևանի մատույցներ։

Կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3- գիշերը, որի արդյունքում Հայաստանը դառնում էր Թուրքիայի վասալ։

Մենք զրկվում էինք զորակոչ անելու ու փաստացի բանակ ունենալու իրավունքից, Ալեքսանդրապոլի գավառը փաստացի մնում էր թուրքական օկուպացիայի տակ, հրաժարվում էինք Կարսի մարզից և Սուրմալուի գավառից՝ վերջնականապես փակելով Սևրի պայմանագրի էջը։

Այս դժբախտ ու ողորմելի իրականությունն ու թուրքական օկուպացիան երկար կտևեին, եթե չլիներ Հայաստանի  խորհրդայնացումը, որի արդյունքում կնքվեց Կարսի պայմանագիրը՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին։

Իհարկե, այն ևս չէր արտացոլում հայության իղձերը, բայց Ալեքսանդրապոլի համեմատ դրախտ էր թվում։

Հայաստանը ձերբազատվում  էր թուրքական լծից ու հնարավորություն ունեցավ գոյատևելու և նույնիսկ զարգանալու։

Սովետական Հայաստանի բնակչությունը 700.000-ից դարձավ 3 միլիոն 500.00, կազմակերպվեցին արևմտահայերի ներգաղթերը, հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան, կառուցվեցին Սարդարապատի ու Մեծ Եղեռնի հուշահամալիրները, զարթոնք ապրեց հայ մշակույթը, սպորտն ու կրթությունը։

100 տարի անց էլ Հայաստանի  իշխանության առջև դրված են երկու՝ արևմտյան, իսկ իրականում թուրքանատօական և ռուսական պլանները։

Ոչ մեկը և ոչ էլ մյուսը մեր նպատակների ու երազանքների ծրագիրը չեն։

Բայց եթե Արևմուտքի ծրագրով նախատեսված է հրաժարում Արցախից ու անցում թուրքանատօական պրոտեկտորատի տակ, որը մեր կործանումը կլինի, ապա ռուսականով՝ Արցախի հարցի փակում ու հանձնում Ադրբեջանին նախատեսված չէ առնվազն։

Նիկոլը մեզ կանգնեցրել է վատի ու վատթարագույնի ընտրության առջև։

Իսկ լավագույն ընտրությունը՝ Նիկոլի հեռացումը կլինի, որը թուրքանատօական ուժերը թույլ չեն տալիս»։