Բեռնատարը` բեռում թաքցված պայթուցիկ սարքով, մտել է Հայաստան և ոչ միայն մտել…

Կարծում ենք, բոլորին պետք է հասկանալի լինի, թե սա ինչ է նշանակում. եթե Հայաստանի մաքսային ծառայությունն այս վիճակում է գտնվում, ապա Նիկոլի ղեկավարած Հայաստան ինչ ասես կարող են մտցնել (տարբեր զենքեր, զինամթերքներ, ծանր թմրամիջոցներ և այլն…), մտցնել ու հանել, կամ էլ չհանել ու ծառայեցնել իր նպատակին: Ընդ որում, դա կարող են անել նույնիսկ ադրբեջանցիները և թուրքերը` հարևան պետությունների քաղաքացի չհանդիսացող կամ, թեկուզ, հանդիսացող:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած դիվերսիոն- ահաբեկչական գործողության կազմակերպչի ինքնությունը` Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանով: Ինչպես այսօր տեղեկացրել է ТАСС-ը` հղում կատարելով ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնին (ՀՀԿԿ), պայթուցիկ սարքն Օդեսայից առաքվել է Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքներով։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ միասին պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը հանդիսանում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը»,-  հայտնել են է ՀՀԿԿ-ում:

Դիվերսիոն- ահաբեկչական գործողության նախապատրաստմանն իրենց մասնակցությունն են ունեցել Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները և գործակալները:

ԱԴԾ-ում տեղեկացրել են, որ ըստ քննության տվյալների, պայթուցիկ սարքը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթի 22 գլանափաթեթներում՝ 22 770 կգ ընդհանուր քաշով, և «Транслогистик УА» ՍՊԸ (Կիև) և «Baltex Capital S.A.» (Ռուսե) միջև թիվ 02/08/2022 պայմանագրով օգոստոսի սկզբին Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել է բուլղարական Ռուսե: Բուլղարիայից այն հասցվել է վրացական «Փոթի» նավահանգիստ, այնուհետև տեղափոխվել Հայաստան։

«Այս պահին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ` մասնակցած հանցագործության նախապատրաստմանը»,- հաղորդել են ՀՀԿԿ-ում և հավելել, որ, ընդհանուր առմամբ, այժմ բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստման առնվազն 12 հանցակից` Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, ծնված 1975 թ., Դենիս Օլեգովիչ Կովաչը, ծնված 1979 թ., Ռոման Իվանի Սոլոմկոն, ծնված 1971 թ., Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով բրոքերը, ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը, ծնված 1985թ։

Ըստ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի այսօրվա պարզաբանման, «2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի սեպտեմբերի  27-ին ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը»։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում, «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵվրԱզԷՍ-ի կանոններով, կատարվել է փաստաթղթերի փոխարինում, ինչից հետո բեռն առաքողը հանդիսացել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊՆ (Հայաստանի Հանրապետություն, Ալավերդի) իսկ ստացողը եղել է «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

Թե ինչո՞ւ է բեռը` դրանում թաքցված պայթուցիկ սարքի հետ միասին, Վրաստանից միանգամից Ռուսաստան տեղափոխվելու փոխարեն, տեղափոխվել Հայաստան և ապա Հայաստանից հանվել, ինչը նշանակում է բեռը երկու անգամ լրացուցիչ մաքսային հսկողության ենթարկել` ավելացնելով դրանում թաքցվածի բացահայտման ռիսկը, այս պահին կարելի է միայն ենթադրել, քանի որ այդ կապակցությամբ ԱԴԾ որևէ բացատրություն դեռ չկա: Հավանաբար վստահ են եղել, որ պայթուցիկ սարքն այնքան հուսալի է քողարկված, որ այն, միևնույն է, չի բացահայտվի:

Իսկ բեռը Հայաստան բերել- տանելու, Հայաստանով անցկացնելու նպատակը, ամենայն հավանականությամբ, այստեղ բեռն առաքող ընկերությանը հայաստանյան ընկերությամբ փոխարինելն է եղել, որպեսզի ՌԴ մաքսավորների զգոնությունը բթացվի, չէ՞ որ այն դաշնակից պետության ընկերություններից մեկից առաքվում էր մոսկովյան մի ընկերության, այսինքն` թշնամի Ուկրաինայի ընկերությունից չէր առաքվում, ոչ էլ նույնիսկ ՌԴ-ին ոչ բարեկամ Բուլղարիայի կամ Վրաստանի որևէ ընկերությունից: Առավոտվա դրությամբ ԱԴԾ-ն ձերբակալել էր ահաբեկչության նախապատրաստման 8 մասնակցի։

Ավելի ուշ, հոկտեմբերի 4-ին, բեռը Վրաստանում գրանցված DAF բեռնատարով հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով, իսկ հոկտեմբերի 6-ին առաքվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազայում։

Հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի քաղաքացի Սոլոմկոյի, 1987թ.  ծնված Վլադիմիր Վասիլի Զլոբի և ևս հինգ Ռուսաստանի անձը պարզված հինգ քաղաքացիների օժանդակությամբ դարձյալ փոխվել են բեռի փաստաթղթերը. որպես առաքիչ, նշվել է Ուլյանովսկի «ТЭК-34» ՍՊԸ-ն, իսկ ստացող՝ Ղրիմում գոյություն չունեցող ընկերություն:

Ինչպես տեղեկացրել են ԱԴԾ-ում, «Նույն օրը գլանափաթեթները բեռնվել են Ռուսաստանի քաղաքացի, 1971թ. ծնված Մահիր Յուսուբովի բեռնատար ավտոմեքենան, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022թ. հոկտեմբերի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:03-ին, Ղրիմի կամրջով ընթանալիս իրականացվել է պայթյունը»։

Ինչպես նշել են է ԱԴԾ-ում, «ամբողջ երթուղու երկայնքով բեռների տեղաշարժի և հանցավոր փոխադրումների սխեմայի մասնակիցների հետ շփումների նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցը, որը ներկայացել է որպես «Իվան Իվանովիչ», համակարգման համար օգտագործել է ինչպես համացանցում ձեռք բերած վիրտուալ հեռախոսահամարը, այնպես էլ հեռախոսահամար` գրանցված Ուկրաինայի քաղաքացի, Կրեմենչուգ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Սերգեյ Վլադիմիրի Անդրեյչենկոյի անունով»:

ԱԴԾ ՀՀԿԿ-ից տեղեկացրել են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դրա բոլոր կազմակերպիչներն ու հանցակիցները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները, պատասխանատվության կենթարկվեն Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան։

 

Արթուր Հովհաննիսյան