Զախարովան՝ Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման մասին

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերը և միջամտելու հարաբերությունների կարգավորմանը։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում խաղաղության «բանալի» է համարել եռակողմ պայմանավորվածությունները։

«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում։