Առաջիկա շաբաթներին Արցախում շինաշխատանքներն ամբողջ ծավալով կվերադառնան բնականոն հուն. Քաղաքաշինության նախարարություն

Հանրապետության տարածքում պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած, վնասված ու ավերված շենք-շինությունների և ենթակառուցվածքների վերականգման, բնակարանային նոր ֆոնդի ստեղծման նպատակով մեկնարկել և ծավալվել է մեծամասշտաբ շինարարություն։

Այս մասին նշել են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով, որ անցած ավելի քան 22 ամիսների ընթացքում այդ առումով կատարվել և ընթացքի մեջ են աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ։

«Հաշվի առնելով ոլորտում առկա գործառույթային գերծանրաբեռնվածությունը, մեծածավալ փաստաթղթաշրջանառությունը և ընթացակարգային այլ հարցերի առկայությունը, ինչպես նաև որոշ կապալառու կազմակերպությունների աշխատանքներում հայտնաբերված թերացումները և պահանջվող որակական չափանիշներին չհամապատասխանող որոշակի աշխատանքների մանրամասն ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը՝ հանրապետության տարածքում կապիտալ շինարարության աշխատանքի տեմպերը ներկայումս որոշակի չափով նվազել են, ինչը հանրային շրջանակներում տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել:

Տեղեկացնում ենք, որ գործընթացն արդեն ավարտին է մոտենում, և առաջիկա շաբաթներին շինաշխատանքներն ամբողջ ծավալով կվերադառնան բնականոն հուն»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։