Ամիր Աբդոլահիանն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Երեքշաբթի օրը, Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները։ Գրում է ParsToday-ը:

Անդրադառնալով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությանն Ամիր Աբդոլլահյանը  կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը:

Նա նշել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների զարգացող ընթացքի մասին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը ջանքեր է գործադրում՝  հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Անդրադառնալով բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում  տուրքերի նվազեցմանն Աբդոլլահյանը նշել է, որ  իրանական ընկերությունները մասնակցում են Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին:

Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարը հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների  հարաբերություններին և շնորհակալություն հայտնել Թեհրանին՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ դիրքորոշման համար: Նա նաև ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող նախագծերին:

Կողմերն ընդգծել են տրանսպորտի և տարանցման դյուրացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեմպերն արագացնելու,  առևտրային փոխանակումների ծավալն ավելացնելու  և երկու երկրների քաղաքացիների և զբոսաշրջիկների տեղաշարժը դյուրացնելու անհրաժեշտությունը: