Պուտինը և Էրդողանը կհանդիպեն վաղը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, AFP-ին հայտնել է թուրք պաշտոնյան։ Գրում է kommersant.ru-ն։ Երկու նախագահների հանդիպումը կկայանա Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։

Հոկտեմբերի 12-14-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը, Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված համաժողովը, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպումը: Սպասվում է, որ Ղազախստանի մայրաքաղաք կայցելեն Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների 11 ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեմաներն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումը։ Պուտինը կմասնակցի գագաթնաժողովի բոլոր հանդիպումներին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։