ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» («Новые люди») կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում  Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին: