Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ կարգված նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ակտիվությանը։

Աղբյուրը գրում է, որ Երևանի ավագանու հաջորդ ընտրություները կկայանան 2023 թվականի աշնանը, միչդեռ մայրաքաղաքի տարբեր համայնքներով Ավինյանը արդեն իսկ շրջագայություններ է իրականացնում, որոնց ընթացքում նա հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, այցելում մանկապարտեզներ, խոստումներ է տալիս և փաստացիորեն, օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը, արդեն այսօրվանից քարոզարշավ է իրականացնում։

Հենց ինքն է հայտարարել, որ ինքը ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն է, ինչից որոշ ժամանակ անց նշանակվեց փոխքաղաքապետ ու հիմա շատ ավելի ակտիվ Երևանի քաղաքապետարանը լուսաբանում է նրա գործունեությունը, քան՝ Երևանի գործող քաղաքապետինը։

«Տվյալ դեպքում, ես դա անվանում եմ վարչական ռեսուրսի օգտագործում։ Վարչական ռեսուրսի օգտագործումը աշխարհի բոլոր երկրներում է ընդունված և դա իշխող քաղաքական ուժի չգրված առավելությունն է՝ այդ թվում, ամենաժողովրդավար երկրներում։ Դա լավ բան է, թե վատ բան, մենք կարող ենք հասկանալ, եթե այլ ուժեր դա արած չլինեին կամ չանեին»,-ասել  Հոկտանյանը՝ հավելելով, թե պետք է դիտարկել, թե այդ ակտիվության հատկապես որ ասպեկտը կարող է ազդել ընտրությունների վրա։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահումը հասկացվում է նեղ իմաստով, երբ այն իրականացվում է նախընտրական քարոզչության ժամանակ։ ֆորմալ առումով Ընտրական օրենսգրքով վարչական ռեսուրսի չարաշահման հետ գործ ունենք, երբ ԿԸՀ-ն հայտարարում է ընտրությունների մասին, ներկայացվում է համապատասխան ժամանակացույցը, իսկ տվյալ դեպքում, զուտ օրենսդրության տեսանկյունից գործ չունենք վարչական ռեսուրսի չարաշահման հետ։ Ըստ Հոկտանյանի, տվյալ դեպքում, ունենք վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը, նոր երևույթ չէ։

Վարուժան Հոկտանյանը օրենսդրական ռեսուրսի չարաշահում է համարում իշխող ուժի կողմից արդեն նախկին քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ նշանակվելը, ինչի վերաբերյալ ՀԿ-ների հայտարարությանը միացել էր նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

«Վարչական ռեսուրսի չարաշահումը ունի մի քանի տեսակ՝ ուժային ռեսուրսի չարաշահում, ընտրական օրենսդրական ռեսուրսի չարաշահում, ընթացակարգային չարաշահում, թե ինչպես են կիրարկվում օրենսդրական ու ենթաօրենսդրական որոշումները։ Վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից շատ ավելի լուրջ հետևանքներ ունի հենց Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահ, իսկ այն, ինչ Ավինյանն է հիմա անում, ես կորակեի որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որն ընդունված պրակտիկա է։ Չարաշահում կլիներ, եթե նա արդեն այսօրվանից Երևանում դպրոցների, պոլիկլինիկաների տնօրենների միջոցով և այլ ճանապարհներով, ընդ որում, ճնշումների միջոցով մոբիլիզացներ իր կողմնակիցներին»,-բացատրել է Հոկտանյանը՝ հավելելով, եթե նման փաստեր լինեն, նոր կարող ենք խոսել Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։

«Հիմա նա փոխքաղաքապետ է և, որպես փոխքաղաքապետ, իրավունք ունի գնալ և հանդիպել բնակիչների հետ։ Դա, իհարկե, էթիկական տեսանկյունից, այնքան էլ ողջունելի չէ, բայց աշխարհում ընդունված ձև է, իսկ Վահագն Հովկանիմյանի նշանակումը վարչական ռեսուրսի չարաշահում է, որովհետև ԿԸՀ նախագահ դարձավ մի մարդ, որը մինչև վերջի րոպեն կուսակցական էր։ Վատը նրանում է, որ ամբողջ վատ տրադիցիաները, որոնք կային նախկինում, հիմա շարունակվում են և որևէ բան չի փոխվել, որովհետև, այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ, մայիսին, ենթադրվում էր, որ ամբողջութայմբ պետք է այդ պրակտիկաները վերցներ, բայց չի վերացվում»,-եզրափակել է նա։