Կարմիր շուկա համայնքում «Երկարօրյա դպրոց»-ը վերսկսել է իր աշխատանքը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմի շուկա համայնքի դպրոցում այս ուսումնական տարվանից վերսկսվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանն ասել է, որ «Երկարօրյա դպրոց»-ին մասնակցում է 187 աշակերտ։

«Մեկնարկը տրվել է հոկտեմբերի 3-ից։ Աշխատում է 7 դաստիարակ և 4 խոհարար։ Երեխաների առօրյան հագեցած է անցնում։ Դասերի ավարտից հետո նրանք 3 խմբով ճաշում են, զբաղվում իրենց նախասիրություններով, այնուհետև անցնում դասապատրաստման։ Արդյունքում աշակերտները հաջորդ օրվա դասերին գրեթե ամբողջությամբ պատրաստված գնում են տուն»,-ներկայացրել է դպրոցի տնօրենը։

Նա նշել է, որ համայնքում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Երկարօրյայի երեխաների համար ճաշ պատրաստելու հետ կապված խնդիրներ են առաջանում։

Անդրադառնալով Կարմիր շուկայի կրթօջախի առաջնահերթ խնդրին, տնօրեն Զ. Բադասյանը նշել է համակարգչային տեխնիկայի սակավությունը։