Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարն անցել է նաև Հայաստանով, հայտնի է ողջ երթուղին․ ՌԴ ՔԿ

Արդեն պարզել ենք պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բաստրիկինը հավելել է, որ պարզվել են փոխադրողները: Ինչպես պարզաբանել է Քննչական կոմիտեի նախագահը, պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

Նրա խոսքով, այժմ քննիչները շարունակում են պարզել հանցագործության նպատակներն ու խնդիրները։ Բաստրիկինն ընդգծել է, որ բոլոր առկա ապացույցները ցույց են տալիս, որ դա ահաբեկչական գործողություն էր, որի նպատակն էր ոչնչացնել քաղաքացիական խոշոր ենթակառուցվածքը։