ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակներում կներառի երրորդ երկրների քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք օգնում են ռուսներին շրջանցել սահմանափակումները

Հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթում Եվրամիությունն առաջին անգամ ներմուծել է արտատարածքային տարր, գրում է РБК-ն՝ հղում անելով EuTradeDefense խորհրդատվական ընկերության կառավարիչ գործընկեր Թոմաշ Վլոստովսկուն։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԵՄ-ը պատժամիջոցների ցուցակներում կներառի երրորդ երկրների քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք օգնում են ռուսներին շրջանցել սահմանափակումները։

РБК -ն կարծում է, որ այս մոտեցումը նման է ամերիկյանին, որը ենթադրում է երկրորդական պատժամիջոցների ներդրում, այսինքն՝ ոչ ԱՄՆ քաղաքացիների և կազմակերպությունների դեմ, որոնք օգնություն են ցուցաբերում պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուս անձանց։

ԵՄ-ը նախորդ շաբաթ համաձայնեցրել է պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Մասնավորապես, այն նախատեսում է անձնական պատժամիջոցների ընդլայնում, ինչպես նաև արգելում է նավթը երրորդ երկրներ ծովով փոխադրել այն սահմանաչափից բարձր գնով, որը դեռ չի նշանակվել։ Այս պատժամիջոցը ուժի մեջ կմտնի դեկտեմբերից, իսկ նավթամթերքների համար՝ փետրվարից։