«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը պատրաստի արտադրանքն արտահանում է Հնդկաստան և ԱՄԷ

Ի պատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնք պնդում են, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը իբր պատրաստի արտադրանք է արտահանում Թուրքիա,  ընկերությունը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, իր պատմության ողջ ընթացքում երբեք պատրաստի Դորե արտադրանքը չի արտահանել Թուրքիա։

Նախորդ տարիներին Դորե ձուլակտորներն արտահանվել են Կանադա, Շվեյցարիա: Ներկայումս արտադրանքի արտահանումը բաժին է ընկնում ԱՄԷ-ին և Հնդկաստանին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ընկերությունն արտադրում է ոչ թե ապրանքային ոսկի, այլ միայն Դորե համաձուլվածք։

Այսպիսով, լրատվամիջոցների հրապարակումները բացարձակ սուտ բնույթ են կրում։

Ներկայումս Հայաստանում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» գործընկերներ Paloma Precious DMCC (ԱՄԷ) և Sovereign Metals Limited (Հնդկաստան) ընկերություններից, որոնք զբաղվում են Դորե համաձուլվածքի վերամշակմամբ՝ ընկերության արտադրական գործընթացներին ծանոթանալու և համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնցից ոմանք ընկերության դեմ կողմնակալ տեղեկատվական քաղաքականություն են վարում, պատասխանատվություն ստանձնել իրենց հրապարակումների բովանդակության համար և բացառել դրանցում կեղծ և ապակողմնորոշող տեղեկությունները»: