Հայ գերիներին առանց ցավազրկելու Ադրբեջանի զինվորական հոսպիտալում բժշկական միջամտություններ են կատարել. Քրիստիննե Գրիգորյան

Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ ՄԻՊ-ը  երբեք չի դադարել աշխատել 33 ռազմագերիներին ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

«Բաքվի բանտերում գտնվող տղաներին այցելում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, այլ միջնորդներից փորձում ենք հավելյալ տեղեկություն ճշտել»,-ասաց նա։

Գրիգորյանն հայտնեց, որ վերջերս Հայաստան վերադարձրած 17 ռազմագերիների հետ առանձնազրույցներ են ունեցել և վեր են հանել խոշտանգումների փաստերը:

Նրա խոսքով՝ ադրբեջանի զինվորական հոսպիտալում անգամ բուժանձնակազմը վատ է վերաբերվել ռազմագերիներին:

«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, երբ ցավազրկումը պետք է կատարվեր, այն բժշկական պրոտոկոլ է: Խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է»,-ասաց օմբուդսմենը:

Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իրականացրած բարբարոսությունները և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների փաստերը պետք է դրվեն բանակցային սեղանին։

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ առաջին հերթին նշում են, որ խաղաղություն են ուզում, որը կերաշխավորի իրենց անվտանգությունը։

«Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին և չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»,-հայտարարեց  Պաշտպանը։