Հարևան երկրների սահմանները կարմիր գիծ են Իրանի համար, և դրանց նկատմամբ սպառնալիքն անընդունելի է. Մոհամեդ Մոխբեր

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Բաքվի հետ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամությունը, գրում է ParsToday-ը։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝  Կասպյան երկրորդ տնտեսական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի  վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ Մոհամեդ Մոխբերը  նշել է. «Տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հսկայական կարողություններ կան, և Թեհրանը վճռական է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը»։

Նա ասել է. «Իրանի և Ադրբեջանի  մշակութային և կրոնական ընդհանրությունները կարող են հիմք հանդիսանալ փոխհարաբերությունների զարգացումն արագացնելու և  առևտրային համագործակցության ոլորտում երկու երկրների ցանկալի նպատակներին ու արդյունքներին հասնելու համար»։

Նշելով, որ Իրանն Ադրբեջանին համարում է եղբայրական երկիր, Մոխբերը ընդգծել է. «Հարևան երկրների սահմանները կարմիր գիծ են Իրանի համար, և այդ սահմանների նկատմամբ սպառնալիքն անընդունելի է»: