Զելենսկու խոսքերը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ են․Պեսկով

Համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ» հարվածների մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը և «կանխարգելիչ» հարվածներ հասցնել նրա տարածքում։

«Սա նախագահ Զելենսկու այն հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները։ Զելենսկու այս հայտարարությանը հատկապես պետք է ուշադրություն դարձնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները։ Առաջին հերթին՝ առաջին երկուսը»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պեսկովը հավելել է, որ Զելենսկու խոսքերը ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ՝ անկանխատեսելի, հրեշավոր հետևանքներով։

Նա նաև ընդգծել է, որ Կիևի գործողությունները փաստացի ղեկավարվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն ուկրաինական կողմի հայտարարությունների համար։

Ռուսաստանը բազմիցս կեղծ է անվանել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորության մասին բոլոր շահարկումները: