Թյուրքական կողմի՝ հայկական ուղղությամբ միջանկյալ մարտավարության միտումները

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թյուրքական կողմի՝ հայկական ուղղությամբ միջանկյալ մարտավարության միտումները

Ամենայն հավանականությամբ կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական դիրքավորումը կարող է լինել հնարավորինս թվացյալ դրական հարթությունում։ Նպատակը տարածաշրջանում արձանագրվող ռուսական ազդեցության վակուումը նախ և առաջ թյուրքական փափուկ ուժով փոխարինելն է։

Ամեն դեպքում, նաև նման մարտավարության մասին է վկայում նախօրեին Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արտաքին ֆոնը, ինչպես նաև դրանց ամփոփիչ հատվածում հատկապես թուրքական դրական հռետորաբանությունը։

Անկարայի և Բաքվի նման գործելաոճի տրամաբանությունը Հարավային Կովկասում նոր արտատարածաշրջանային ազդեցիկ խաղացողի հնարավոր դերակատարման աճի չեզոքացումն է։ Այսինքն՝ Հայաստանի դեմ ռազմաքաղաքական ճնշման և սպառնալիքի մեխանիզմի շարունակական կիրառումն օբյեկտիվորեն առաջացնելու է Երևանի կողմից փոխադարձ հակազդեցության առանցքի ձևավորում՝ որքան էլ պարադոքսալ է երևում՝ երկու հակառակորդ երկրների՝ ԱՄՆ-ի և Իրանի հնարավորությունների ներգրավման փորձերով։ Իսկ նման մտավախության օբյեկտիվ ցուցիչ է Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում արձանագրված հատկապես ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվությունն ու հասցեական դիրքորոշումը։ Վաշինգտոնն ամենաանցանկալի խաղացողն է թյուրքական երկրների համար նաև մեր տարածաշրջանում, քանի որ նրանցից ունի նվազագույն քաղաքական կախվածությունը, փոխարենը՝ ահռելի քաղաքական, տնտեսական ազդեցություն։ Ուստի բնական է, որ թյուրքական կողմից նպատակային կերպով փորձ է արվելու աջակցել, առաջ մղել հենց ԵՄ կողմից իրականացվող միջնորդական ձևաչափը։

Նման պայմաններում հայկական կողմից պահանջվում է բացարձակ զգուշավորություն, աչալրջություն և թյուրքական կողմի քայլերը հնարավորինս հաշվարկելու կարողություն։ Զուգահեռաբար նաև անհրաժեշտ է օրակարգում պահել ԱՄՆ-ի և Իրանի հետ արտակարգ կապուղիների ակտիվացման մեխանիզմները` թշնամական դավադրություններ կանխելու նպատակով։ Բացի այդ, որևէ կերպ չպետք է անտեսել Մոսկվայի հետ հաղորդկակցական կապուղիները մշտապես ակտիվ պահելու ուղեգիծը»։