Ակնկալում եմ՝ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության. ՀՀ նախագահը՝ Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։

Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։

Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»,- ասվում է Խաչատուրյանի ուղերձում: