Մոսկվան և Բաքուն, Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում, փոխօգնության արագ որոշումներ են կայացնում. Միշուստին

Ռուսաստանն ու Ադրբեջանն արագ որոշումներ են կայացնում փոխադարձ օգնության վերաբերյալ՝ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ համատեղ գործողություններն արդեն տալիս են իրենց պտուղները հատկապես առևտրի ոլորտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցների պայմաններում կառավարական գծով օպերատիվ որոշումներ են կայացվում՝ ուղղված ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացմանը։ Այդ միջոցառումներն արդեն իսկ արդյունք են տալիս, առաջին հերթին՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- ասել է Միշուստինը։

Նա մանրամասնել է, որ 2022 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11,5%-ով և գերազանցել 2,2 մլրդ դոլարը, առևտրում ռուսական ներդրումները կազմել են 4,5 մլրդ դոլար, ադրբեջանական ներդրումները՝ մոտ 1,5 մլրդ դոլար։ Միշուստինը հույս է հայտնել, որ երկրների միջև մատակարարումներն առաջիկայում կավելանան։

Ասադովը հաստատել է, որ Ռուսաստանը եղել և մնում է Ադրբեջանի համար կարևոր գործընկեր տնտեսության ոլորտում։