Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սյունիքի զարգացմանը միտված աշխատանքներին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:
Հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մարզպետարանի ու քաղաքապետարանի այլ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի հարձակման հետևանքով մարզի բնակչությանը հասցված վնասները։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և դեսպան Անն Լույոյին այցի և կատարած աշխատանքների համար, այնուհետև ներկայացրել մարզում առկա ընդհանուր իրավիճակը, անվտանգային հարցերը, բնակիչների խնդիրները:
Միասին շրջայց են կատարել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում, եղել են Վերիշեն, Քարաշեն, Վաղատուր, Աղիտու և Նորավան բնակավայրերում, Վերիշենում հանդիպել են նաև վիրավորում ստացած քաղաքացիական անձի:
Պաշտպան Գրիգորյանը ևս շնորհակալություն է հայտնել մարզպետին և Գորիս համայնքի ղեկավարին այս ընթացքում ՄԻՊ-ի թիմերի հետ արդյունավետ համագործակցության համար և ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ կարևորում է այցելություններ ունենալ տուժած համայնքներ, հանդիպել բնակիչների հետ և տեղում արձանագրել մարդու իրավունքների մեծաթիվ ու շարունակական խախտումները:
Դեսպան Անն Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ՄԻՊ-ին կատարած մեծածավալ և կարևոր աշխատանքների համար, մարզպետի հետ քննարկել համագործակցության ծրագրեր։ Դեսպանը կարևորել է հարձակումից տուժած անձանց հետ շփվելու և համայնքներ այցելելու այս հնարավորությունը և պատրաստակամություն է հայտնել Սյունիքի զարգացմանը միտված աշխատանքներին աջակցելու հարցում: