Սա իրապես իմ երազանքին մոտենալու հնարավորություն է․ Կարեն Անդրեասյան

«Եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար։ Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա իրապես իմ երազանքին մոտենալու հնարավորություն է»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից  Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած թեկնածուներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ավելի շատ բան կարելի է անել, քան արդարադատության նախարարի։ Խոսքը, մասնավորապես, արդար դատական համակարգի ստեղծման մասին է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ քաղաքացիները վերջին 30 տարում հոգնել են լսել, որ դատարաններն այլեւս այնպիսին չեն լինի, ինչպիսին վերջին տասնամյակների ընթացքում էին։ «Հոգնել են նաև իմ խոսքերից, քանի որ ես այդ մասին ասում եմ մոտ 20 տարի։ Ես չեմ ասում, թե քիչ բան է արվել այն բանի համար, որպեսզի մենք մեր երազանքի դատարաններն ունենանք։ Այնուամենայնիվ, անգամ ներկա իշխանությունն է քանիցս ասել, որ դատական համակարգի փոփոխությունները բավարար չեն»,- նշեց Անդրեասյանը։