Կառավարությունը հաստատեց բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը, ստանդարտացման ուղեցույցները

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Տարածական տվյալներն այն համակարգն է, որտեղից հնարավորություն է ստացվում ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի և ստորգետնյա կոմունիկացիաների, օբյեկտների վերաբերյալ. «Տարածական տվյալների ենթակառուցվածքի առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ օգնում է, որպեսզի կառավարման համակարգում հնարավորություն ստեղծվի որոշումներ կայացնել հավաստի, ճշգրիտ և առժամանակյա տվյալների հիման վրա»,- ասաց նա:

Թովմասյանը նշեց, որ Կառավարության որոշումը բաղկացած է երեք հավելվածից. դրանք բազային և թեմատիկ շերտերի ցանկերն են, երկրորդը բազային տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցներն են, և երրորդը թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցներն են:

«Մեր կողմից գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը՝ ազգային գեոպորտալը, մոտ 2 ամիս առաջ, մենք գործարկել ենք նաև քարտեզագրական մոդուլը, որը ներառում է Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բոլոր շերտերը: Այս ստանդարտների հաստատումից հետո Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ է լինելու Կադաստրի կոմիտեում վարվող բազային շերտերի ստանդարտացմանը:

Պետական լիազոր մարմիններին աջակցել ենք մեր մասնագետների միջոցով: Իրենց համար էլ գրել ենք համապատասխան թեմատիկ շերտերին վերաբերող մեթոդական ուղեցույցեր և ստանդարտներ կազմելու համար մեկ բնութագրիչ ուղեցույց, որն օգտագործելով՝ լիազոր մարմնինները կկարողանան իրենց ենթակայաության տակ գտնվող տեղեկատվությունը հավաքել համապատասխան ստանդարտով և հավաքումից հետո ապահովել Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բազային շերտերի ինտեգրացիան»,- նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Կառավարության որոշման հաստատումից հետո հսկայածավալ աշխատանք է սպասվում պետական մարմիններին:

«Մենք քննարկումներ ենք արել ՏԿԵՆ-ի հետ և պլանավորում ենք սկսել ՀՀ ճանապարհային ցանցի համակողմանի տվյալների հավաքագրում և ինտեգրացիա կադաստրային տվյալների հետ: Այս նույն ուղղությամբ մենք շարժվում ենք մեր այլ գործընկերների հետ և կարծում ենք, որ կարճ ժամանակում որոշակի հաջողություններ մեզ կհաջողվի այս ոլորտում գրանցել: Այս համակարգի ներդրմամբ մենք խթանելու ենք ՀՀ-ում տնտեսության զարգացումը: Բիզնեսին փորձելու ենք տրամադրել առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արդեն բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը»,- ասաց Սուրեն Թովմասյանը: