Երկկողմ համաձայնագրերի գործադրումը բխում է Իրանի և Ռուսաստանի շահերից. Մոխբեր

ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամմեդ Մոխբերը չորեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ: Այս մասին գրում է ParsToday-ը:

Հանդիպմանը Մոխբերն ընդգծել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները գործադրելու անհրաժեշտությունը. Նա ասել է. «Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը բխում է Իրանի և Ռուսաստանի կառավարությունների ու ժողովուրդների շահերից»:

Iran Press գործակալության հաղորդմամբ՝ կարևորելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը, Մոխբերն ասել է. «Ռաշտ-Աստարա երկաթուղու գործարկումը և գործարարների ու մասնավոր հատվածի գործունեությունը հեշտացնելու համար  բանկային համագործակցության զարգացումն արդյունավետ դեր կխաղան Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության մակարդակի բարելավման գործում»:

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ ռուսական խոշորագույն առևտրային ընկերությունների ղեկավարները պատարստվում են հանդիպել իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ՝ քննարկելու  առևտրատնտեսական համագործակցության զարգացումը: Նա հավելել է, որ Մոսկվան  լուրջ ջանքեր է գործադրում՝ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածություները գործադրելու ուղղությամբ:

Չորեքշաբթի օրը, Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Մոխբերը, գլխավորելով քաղաքական-տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն,   Կասպյան երկրորդ տնտեսական համաժողովում ելույթ ունենալու  և ռուս պաշտոնյաների հետ։հանդիպելու նպատակով, ժամանել է Մոսկվա: