Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 20

Սկիզբը` այստեղ

Արևմուտքը ոչնչացման պատերազմ է հայտարարել, ուստի գոյատևելու համար պետք է հաղթել. Այս մասին հոկտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին ասել է այդ օրվա դրությամբ դեռ  Ռուսաստանում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնություն «նոր տարածաշրջանների» մուտքից հետո մարտական գործողությունները միայն ակտիվանալու են:

Միրոշնիկի հայտարարության նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչպես տեղեկացրել է  Վատիկանի կայքը, դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն` կոչ անելով վերջ տալ առճակատմանը: Հռոմի պապը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության սրման և միջուկային սպառնալիքի կապակցությամբ։ Նա Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել առճակատումը, իսկ Զելենսկուն` բաց լինել խաղաղության լուրջ առաջարկների համար:

Պուտինը և Զելենսկին, որքան տեղյակ ենք, հրապարակայնորեն չեն արձագանքել Հռոմի պապին, սակայն Միրոշնիկի հայտարարությունը թերևս կարելի է համարել ռուսական կողմի յուրօրինակ պատասխանը: Նա ասել է, որ Ռուսաստանի «նոր տարածաշրջանների» տարածքի ամբողջական ազատագրումը և Ուկրաինայի ապառազմականացումը պարտադիր պայման են Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում խաղաղության և անվտանգության հաստատման համար,

Միրոշնիկի խոսքով` մոտ ժամանակներում անհրաժեշտ կլինի իրականացնել լայնամասշտաբ ռազմական գործողություն` Կիևի ռեժիմին տոտալ հարված հասցնելու համար։

Հռոմի պապի կոչից մեկ օր առաջ` հոկտեմբերի 1-ին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որին այսօր գեներալ- գնդապետի կոչում շնորհվեց, «Telegram»-ի իր ալիքում գրել է, որ ռուսական իշխանությունները պետք է «արմատական միջոցներ»‰ ձեռնարկեն այն բանից հետո, երբ ՌԴ զինված ուժերը և դաշնակից ուժերը ստիպված եղան հետ քաշվել Կրասնի Լիմանից։

Չեչնիայի նախագահը, մասնավորապես, կոչ է արել դիտարկել փոքր հզորության միջուկային զենքի կիրառման և երկրի մի շարք տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը։

«Ես չգիտեմ, թե ՌԴ ՊՆ-ն ինչ է զեկուցում գերագույն գլխավոր հրամանատարին, բայց, իմ անձնական կարծիքով, պետք է կիրառել ավելի արմատական միջոցներ` ընդհուպ սահմանամերձ տարածքներում ռազմական դրություն հայտարարումը և փոքր հզորության միջուկային զենքի կիրառումը»,- գրել է Քադիրովը:

Հոկտեմբերի 3-ին Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ի գիտություն է ընդունել միջուկային զենքի հարցում համապատասխան կողմերի հայտարարությունները, ապա հայտնել հետևյալ դիրքորոշումը` միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, միջուկային պատերազմի սպառնալիքի ուռճացումը ներկա պայմաններում չի օգնի լիցքաթափել իրավիճակը, այլ միայն կրակի վրա յուղ կլցնի։ Պեկինը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և աջակցել կարգավորման դիվանագիտական ջանքերին:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշված է նաև. Չինաստանը կարծում է, որ «բոլոր համապատասխան կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, խրախուսեն և աջակցեն բոլոր դիվանագիտական ջանքերին՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և համատեղ նպաստեն իրավիճակի դեէսկալացմանը»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան