Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ. Մովսես Հակոբյան․ 168.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։

«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, որտեղ Ադրբեջանի խնդրանքով հայկական կողմը հրադադար էր հայտարարել, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ քառօրյա պատերազմը հաղթանակ չի համարում։

168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ որպես զինվորական՝ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ տարե՞լ է, թե՞ ոչ։

«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ։ Իմ 2017 թվականի մեկնաբանությունները տեսեք, թե ինչ եմ ասել դրա վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ասածին, ապա Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում Մովսես Հակոբյանը ապրիլյան պատերազմի մասին մասնավորապես ասել էր. «Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, և այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, և կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ և ինչքան ժամանակ է կարողացել գործել:

Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծն ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ՝ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք: Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որևէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա:

Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` և՛ Արցախը, և՛ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երևանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»։