Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին. փոխվարչապետ

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին:

«Մենք Կառավարության նախորդ նիստերում օրակարգային հարցերում նաև քննարկեցինք և մարզպետարաններին հատկացրեցինք գումար՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բացի սրանից, ունենք Քաղաքաշինության կոմիտեով ընթացիկ այլ աշխատանքներ, աշխատանքները պետք է իրականացվեն այն համայնքներում, որտեղ տուժել են քաղաքացիների և՛ սեփականությունը և՛, իհարկե, պետական գույքը: Խոսքը վերաբերում է դպրոցներին ու մանկապարտեզներին, այս դեպքում մենք միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- նշեց Համբարձում Մաթևոսյանը: