Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը

Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ բնական գազի մատակարարման վճարումների մի մասը մինչև 2024 թվականը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Bloomberg» -ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականը գրում է, որ թուրքական պետական «Botas» ընկերությունը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը:

Ընդ որում, ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումը նրա արժույթի և բյուջեի վրա։ Այսպիսով, տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով։

Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, օգոստոսին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ և հասել 11,2 միլիարդ դոլարի։