Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ԱԽ քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին: