Սալիվանը Ստամբուլում Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունները

ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Նրանք քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձի դատապարտումը:

«Սալիվանը գովել է Թուրքիային՝ պարենային գլոբալ անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի համար, ինչը նպաստել է ուկրաինական հացահատիկի արտահանմանը, և դիվանագիտական ​​աշխատանքի համար՝ ազատելու ուկրաինացի ռազմագերիներին և Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին աջակցությունը, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը Արևելյան Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա առաջընթացը», – հայտնել է Սպիտակ տունը: