Ադրբեջանցիները խախտում են ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի ամենատարրական նորմերը. իսպանացի առաջատար վերլուծաբաններ

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրում է, որ իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

Պեդրո Բանյոս Բախոն գրել է․ «Սարսափելի տեսանյութ է շրջանառվում, թե ինչպես են ադրբեջանական զինվորները սառնասրտորեն սպանում գերի ընկած հայ զինվորներին։

Ադրբեջանցիներն այսպիսով խախտում են ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի ամենատարրական նորմերը։

Չեմ պատրաստվում դա ցուցադրել հասկանալի պատճառներով»:

Ավելի վաղ ներկայացրել էինք  նաև Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոյի թվիթերյան գրառումը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ:

«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- գրել է պատգամավորը: