Ուկրաինան անակնկալի է բերել ԱՄՆ-ին` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտով

Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ դիմում ներկայացնել Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, անսպասելի էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը, ի պատասխան Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միանալուն, դիմել է դաշինքին՝ արագացված անդամակցության համար։

«ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու ցանկության մասին Ուկրաինայի հայտարարությունն անակնկալ էր Բայդենի վարչակազմի համար »,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ Վաշինգտոնը շարունակում է հակասական վերաբերմունք ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ զինվորականների՝ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկին պաշտպանելու անհրաժեշտության պատճառով։

«Ուկրաինան ձգտում է անվտանգության այդ երաշխիքներին, մինչդեռ ԱՄՆ-ում շատերը շարունակում էին անհանգստանալ Ռուսաստանի հետ պատերազմի հեռանկարով», – նշում է հրատարակչությունը։