ԱՄՆ-ը հրաժարվել է ճանաչել հանրաքվեների օրինականությունը և սպառնացել է պատժամիջոցներով

ԱՄՆ-ն ոչ լեգիտիմ է համարում Լուգանսկում, Դոնեցկում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Արդյունքները (հանրաքվեների – խմբ.) ամբողջովին կեղծ են և չեն արտացոլում Ուկրաինայի ժողովրդի կամքը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արևմուտքը կուժեղացնի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ Ռուսաստանի, անհատների և կազմակերպությունների վրա էլ ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Առաջիկա օրերին մեզանից կարող եք ավելի շատ գործողություններ ակնկալել»,- ասել է Փրայսը:

Լուգանսկում, Դոնեցկում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-27-ը անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ։

Ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ քվեարկածների 98,42%-ը կողմ է եղել Լուգանսկը Ռուսաստանին միանալուն։ Զապորոժիեի շրջանում 93,11%-ը հավանություն է տվել այս քայլին, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը, Դոնեցկում ՝ 99,23%-ը։