Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից. Փաշինյան

Կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել. Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացրել ԶՈՒ բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է:

Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում, ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պետք է խորապես հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից, զիջումներ անենք: Բայց ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր հերոսներին, որոնք կանգնած են Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: