Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. The Economic Times

«Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ»,-այս մասին գրում է The Economic Times-ը՝ ավելացնելով, որ կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է այս ամսվա սկզբին։

Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է 2000 միլիոն ռուպի կամ մոտ 245 մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին։

Հնդկաստանը զգալի ջանքեր է գործադրել ավելացնելու զենքի արտահանումը՝ բարեփոխումների քաղաքականության ու և կառավարության ակտիվ աջակցությամբ՝ արտասահմանյան պատվերներ ապահովելու համար:

Ըստ պարբերականի աղբյուրների, Հնդկաստանն առաջին անգամ Հայաստան արտահանելու է համազարկային կրակի «Պինակա» բազմափող կայաններ, որոնք արդեն ծառայում են հնդկական բանակին։ Այս հզոր զենքը նախագծվել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից և արտադրվել է Հնդկաստանի մասնավոր ընկերությունների կողմից: Բանակը վերջերս պատվիրել է ևս վեց «Պինակա»-ի գնդեր՝ փորձարկելու համար։

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերք՝ կնքված գործարքի շրջանակներում:

Ըստ աղբյուրի, սա առաջին անգամը չէ, որ սպառազինություն է արտահանվում Հայաստան։ 2020 թվականին Հնդկաստանը հաղթեց տարածաշրջանի մրցակիցներին՝ այդ երկրին մատակարարելով չորս Swathi ռադարներ, որոնք օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և թշնամու արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի սահմաններում:

Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ այս հրապարակումը տարածվել է նաև ռուսական ԶԼՄներում։