Ուկրաինային զենք մատակարարելը չի նշանակում մասնակցել հակամարտությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինային զենքի մատակարարումը չի վկայում հակամարտությունում ՆԱՏՕ-ի մասնակցության մասին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատների խմբակցության նիստում։

«ՆԱՏՕ-ն և դաշինքի դաշնակիցները հակամարտության մաս չեն: Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց տեղում չկան ՆԱՏՕ-ի ուժեր, օդային տարածքում ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ չկան… Ուկրաինային աջակցելը չի ​​նշանակում լինել հակամարտության մաս: Ուկրաինան ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչպես ցանկացած այլ պետություն։ Մենք օգնում ենք Ուկրաինային իրացնել այդ իրավունքը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը:

ՌԴ ԶՈՒ հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը մեծացրել և ընդլայնել է Ուկրաինային մատակարարվող սպառազինության ծավալը։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևին ցանկացած ռազմական մատակարարում կդիտարկի որպես օրինական թիրախ ռուս զինվորականների համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։