ԱՄՆ-ի ազդեցությունը Էրդողանի վրա շեշտակի նվազել է, նվազել է նաև Մոսկվայի ազդեցությունը Ալիևի վրա. Քոչարյան

Ես Միութենական պետություն մտնելու գաղափարը աննպատակահարմար եմ համարում և իմ գործողություններով նման մտայինության համար առիթ չեմ տվել: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հարցերի շուրջ: Նման նախադրյալներ չեմ տեսնում:

Նրանց հայտարարությունները դրական եմ համարում, Նենսի Փելոսիի այցը Հայաստան դրական եմ համարում, նրանց այն հայտարարությունները, որոնք կարող են Ադրբեջանին զսպել այս իրավիճակում դրական եմ համարում: Բայց ես ուզում եմ, որ մենք իրատես լինենք` ԱՄՆ ազդեցությունը նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, նաև ՌԴ ազդեցություն է նվազել Ադրբեջանի վրա` Ալիևը ուղիղ հայտարարում է, որ որևէ զանգ իր վրա չի կարող ազդել, պարզ է չէ, ոմ նկատի ուներ նա:

Այս վիճակը պետք է մենք ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք` ասենք ՌԴ-ն չկա, ՀԱՊԿ–ը չկա: Գնանք էսա Ֆրանսիայից օգնություն ստանանք: Չի լինելու այդ օգնությունը, շատ լավ կլինի, որ ինչ որ դիտորդ ուղարկեն, գա իրավիճակը գնահատի նոր հայտարարություն անի: Բայց այս տարածաշրջանի վրա ռեալ ազդեցությունը ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը սակայն նվազել է` պայմանավորված ուկրաինական պատերազմով, և ՀՀ-ի, որպես իր դաշնակցի պարտությամբ վերջին պատերազմում:

Բացի այդ ՌԴ-ը սկսել է հարաբերություններ խորացնել Ադրբեջանի հետ, դրա մասին վկայում են Լավրովի հայտարարությունները: Հիմա մենք մեղադրենք Ռուսաստանին, թե ինչու է նա իր ազգային շահերից բխող քայլեր իրականացնում, անիմաստ է: Սրել հանրությանը ՌԴ-ի դեմ՝ ավելի վտանգավոր է: Այս իրավիճակում մենք պետք է ավելի ակտիվ համոզենք ՌԴ-ին, ասենք, որ նրանք դեռ այս տարածաշրջանում «իրենցից բան են ներկայացնում», որ կարող են մեզ կորցնել: Բայց մենք բան չենք անում, հետո նեղանում եք, որ Մոսկվան Ադրբեջանի հետ է կառուցում հարաբերությունները, բա ինչ անի»,- եզրափակեց երկրորդ նախագահը: