Վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժեց Գերասիմ Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հերթական անգամ մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված իմ վերաքննիչ բողոքը։

Հետաքրքիր զուգադիպությամբ Գերասին կալանքի տակ պահելու երկու որոշումների դեմ վերաքննիչ բողոքները երկու դեպքում էլ մակագրվել են դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Պետք է փաստել, որ դատավոր Նիկողոսյանը չափազանց գրագետ իրավաբան է, ինչը չես ասի շատ դատավորների մասին։

Սակայն այդ հանգամանքն էլ ավելի է ծանրացնում դատավոր Նիկողոսյանի դրությունը. նա որպես իրավաբան պարզապես չէր կարող չհասկանալ, որ Գերասին կալանքի տակ պահելու հիմքերը պարզապես մտացածին են, ուղղակի չէր կարող չընկալել Գերասին կալանքի տակ պահելու իրական նպատակը, որը մեղմ ասած քրեական դատավարության և առհասարակ իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։

Ամեն դեպքում բոլորի համար ամեն ինչ պարզ է. Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է, պայքարել է այդ թեզը շրջանառության մեջ դնողների և այն տարածողների դեմ։

Իսկ Գերասի նման տղերքի պայքարը բանտով կասեցնել հնարավոր չէ։

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից