Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի արկածախնդիր գործողություններն ու ագրեսիան․ Արարատ Միրզոյան

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի արկածախնդիր գործողություններն ու ագրեսիան։ Այս մասին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ այցը տեղի է ունենում Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի երկրորդ տարելիցին և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ոտնձգությունից մի քանի օր անց։ Երկու տարի առաջ Դենդիասը նույնպես այցով Հայաստանում էր։

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։ «Մենք կարևորում ենք հասցեական արձագանքը։ Ագրեսորին ու զոհին հավասարեցնող անհասցե հայտարարությունները հանգեցնում են նոր հանցագործությունների։ Հասկանալի է, որ հետևանքները պետք է վերացվեն։ Սա առաջին հերթին ադրբեջանական ուժերի դուրսբերումն է Հայաստանի տարածքից։ Գերիները պետք է վերադարձվեն, պետք է ապահովվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։ Միաժամանակ, միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի արկածախնդիր գործողություններն ու ագրեսիան»,-ասել է Միրզոյանը։

Նա հայտարարել է, որ 2 տարի առաջ՝ հենց այս օրը, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում, և այսօր՝ 2 տարի անց, հակամարտությունը չի լուծվել, քանի որ դրա պատճառները չեն լուծվել։