Մենք չունենք ադրբեջանցի բարձրաստիճան գործիչ, որը կանգնել է միջազգային դատարանի առջև. Սիրանուշ Սահակյան

Այս պահին մենք չունենք ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական կամ քաղաքական գործիչ, որը կանգնել է դատարանի առջև. բոլորս գիտենք, որ առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության, այսպիսի մասշտաբային պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չէին կարող ծրագրվել և իրականացվել: Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Սա չի նշանակում, որ այդպիսիք ապագայում չեն լինի, պարզապես անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է, դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն: Այստեղ հնարավորությունները շատ են, առաջինն այստեղ հասցեատեր կարող է լինել Հայաստանը, որի իրավապահ մարմինները բացահայտելով, կատարողներին նույնականացնելով միջազգային համագործակցության շրջանակներում՝ կարող են հետապնդել և Հայաստանում անգամ դատապարտել ադրբեջանցի զինծառայողների:

Իհարկե, հարաբերությունների բնույթը հասկանալով՝ այստեղ քաղաքականացման ռիսկեր կան, և իհարկե, հարց է առաջանում՝ ինչպես կկարողանան ՀՀ իշխանությունները Հայաստան բերել ադրբեջանցի զինծառայողի: Կարծում եմ՝ գրագետ աշխատանքի պարագայում դա հնարավոր է միջազգային գործընկեր երկրների միջոցով, և ինչու ոչ, նաև ուժի ցուցադրմամբ: Մենք առնվազն գիտենք միջադեպեր, երբ մի պետության անվտանգության ծառայությունները կարողացել են հատուկ օպերացիաներ իրականացնել այլ երկրի սուվերեն տարածքում, ձերբակալել, միգուցե առևանգել և իրենց երկրում դատարանի առջև կանգնեցնել մեղավորներին»,-ասաց նա:

Երկրորդ իրական հնարավորությունը, ըստ Սահակյանի, այլ պետություններում համընդհանուր քրեական իրավազորության սկզբունքի հիման վրա հետապնդումներ իրականացնելն է. «Միջազգային պրակտիկան այս առումով հուսադրող է: Օրինակ, Սիրիայի միջադեպերով հանցագործներ դատապարտվեցին և ներկայումս պատիժ են կրում Գերմանիայում: Կան միտումներ, որ Արևմտյան Եվրոպայի երկրները կարողանում են հետաքննել, և երբ հանցագործության հետ առնչություն ունեցող անձինք հայտնվում են իրենց իրավազորության ներքո, անմիջապես քրեական հետապնդումներ են իրականացնում և ներկայացնում քրեական արդարադատությանը: Ուստի երկրորդ իրական հնարավորությունն այն է, որ այս անձինք կարող են հետապնդվել ու դատապարտվել մի շարք եվրոպական առաջադեմ երկրներում կամ աշխարհի այլ անկյուններում, որտեղ օրենսդրությունը հստակ սահմանափակումներ չի ունենա»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Եվ երրորդ հնարավորությունը, ըստ նրա, միջազգային քրեական դատարանին ներկայացնելն է, որտեղ անձերի քրեական պատասխանատվության մասին է խոսքը, ուղղակի կան որոշակի իրավական խոչընդոտներ, որոնք մենք պետք է կարողանանք հաղթահարել. «Առաջին իրավական խոչընդոտն այն է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը: Սա բացառում է գործերի քննարկում նրանց տարածքում, նրանց ԶՈՒ-երի ներգրավվածությամբ: Կա բացառություն, որը կապված է ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ: ԱԽ-ը այս դեպքերում հաշվի առնելով հանցագործությունների բնույթը, կարող է հղել միջազգային քրեական դատարանին: Այս ճանապարհը տեսականորեն  գոյություն ունի, բայց ես չեմ կարծում, որ կկիրառվի մեր պարագայում, նաև հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների դիրքորոշումներն ու կապը Ադրբեջանի իշխանությունների հետ: Չեմ կարծում, որ կոնսենսուսով հնարավոր կլինի նման որոշում կայացնել: Այստեղ քաղաքական առումով մենք լավ դիրքավորված չենք:

Հիմա կա հնարավորություն, որ միայն Հայաստանը վավերացնելով կարող է նման սպառնալիքներ ստեղծել ապագայում կատարվող նման հանցագործությունների առնչությամբ, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում: Եթե միայն Հայաստանը վավերացնի, ապա ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները ևս ընդատյա կլինեն  միջազգային քրեական դատարանին: Ուղղակի այն կիրառվելու է ապագայում կատարվող հանցագործությունների առնչությամբ: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն՝ հավելյալ սպառնալիքներ ստեղծելու նպատակով արդյոք քաղաքականապես նպատակահարմար է Հռոմի ստատուտի վավերացումը: Բայց քաղաքականությունից զատ, մենք ունենք ՍԴ եզրակացություն, երբ նախկինում այդ ստատուտը  հակասահմանադրական է ճանաչվել, թեև սահմանադրական բարեփոխումներ եղել են, այդ դրույթի հոդվածը փոփոխվել է: Այս իրավական խոչընդոտը հաղթահարելուց հետո, կարծում եմ՝ հնարավոր է նաև ունենալ վավերացում:

Եվ կա մի գործիք, որ Հայաստանը իրավիճակային կարող է ճանաչել քրեական դատարանի իրավազորությունը: Այստեղ կան դեպքեր, երբ տրվում է հետադարձ ուժ: Այդ հայտարարությամբ հնարավոր է այն տարածել նախկինում կատարված միջադեպերի վրա: Մենք այդ գործիքի կիրառումը տեսնում ենք ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում: Այսինքն Հաագայի դատարանի իրավազորությունը կարող է մեկանգամյա ճանաչվել ըստ իրավիճակի: Բայց այստեղ դարձյալ քաղաքական կամքի ու քաղաքական որոշումների անհրաժեշտություն կա»,-ընդգծեց նա: