Մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով, և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ․ զոհված զինծառայողի ծնող

Մենք ինչպես հայտարարել էինք՝ երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք. մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու լրացուցիչ սադրանքներից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար:

«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որևէ սադրանք չեղավ: Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքներից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք:  Մոտ 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք՝ մի մոտեցեք և մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին: Մենք տեսանք, թե ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին,-ասաց նա։- Մենք բազմիցս ասել ենք, որ մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին, որովհետև դա իրենց համար հաճույք է ոչ թե հարգանքի տուրք մատուցել»: