Հունաստանի վարչապետը պատասխանել է ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Հունաստանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունների հետ կապված:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթում Միցոտակիսը Հունաստանի անվտանգությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունը համարել է Աթենքի կարմիր գծերը թուրքական ագրեսիայի դեմ։ Նա անդրադարձել է Անկարայի ռեվիզիոնիստական ​​ծրագրին և տարածաշրջանում նրա ապակայունացնող դերին, ինչպես նաև կարևորել  Անկարայից բխող սադրիչ հռետորաբանությունը։

Միցոտակիսը հատուկ անդրադարձել է նաև հունական կղզիների վերաբերյալ Թուրքիայի անհիմն և անընդունելի մեղադրանքներին և դրանց ինքնիշխանության վերաբերյալ կասկածներին, ծովում և օդում խախտումներին, ինչպես նաև Հունաստանի դեմ համակարգված ապատեղեկատվության արշավին։ Նա նաև դատապարտել է բարձր մակարդակի շփումները դադարեցնելու Թուրքիայի միակողմանի որոշումը։

«Թվում է, թե Թուրքիայի ղեկավարությունը տարօրինակ մոլուցք ունի իմ երկրի նկատմամբ․․․Նրանք սպառնում են, որ Թուրքիան գիշերը կգա։ Սա ագրեսորի լեզու է,- ասել է Միցոտակիսը։ -Ես կցանկանայի ուղղակիորեն դիմել թուրք ժողովրդին. Հունաստանը վտանգ չի ներկայացնում ձեր երկրի համար: Մենք ձեր թշնամիները չենք, մենք հարևաններ ենք»,-ասել է նա։

«Գրեթե հիսուն տարի կիպրացիներն ապրել են բաժանված կղզում՝ անօրինական ներխուժման և ռազմական օկուպացիայի հետևանքով»,-հավելել է նա։

Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Թուրքիայի անօրինական գործողությունները։