Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, այս օրերին ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով:

ՀԿԽԸ-ից հայտնում են, որ առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։

ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:

ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։

Հոգեբանական աջակցության համար մեր մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։

Նշված արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: