ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը կազմակերպության առաքելության հետ գտնվում է Հայաստանում, հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զասը և Գևորգյանը քննարկել են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։ Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկայիս իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկուցել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և լարվածության թուլացմանն ուղղված առաջարկներ մշակել։