Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները։

Չինաստան

  • Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից։ «Երկու երկրներն էլ Չինաստանի բարեկամական գործընկերներ են»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը: «Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները»,- հայտարարել է Նինը։
  • Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում ընթանում է Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի խմբի համատեղ պարեկումը:
  • Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կարծում է, որ Պեկինը և Մոսկվան պետք է ուժեղացնեն համակարգումը ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ բազմակողմ մեխանիզմների շրջանակներում: Ռուսաստանն ու Չինաստանը պետք է միասին պաշտպանեն զարգացող երկրների շահերը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահը Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում:
  • Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ՄԱԿ-ում աջակցել է Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և պետք է այսուհետ ևս իր կարևոր դերը կատարի կազմակերպությունում: «Ոչ ոք չի կարող զրկել Ռուսաստանին այդ իրավունքից»,- ասել է նա։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Չինաստանին անվտանգության սպառնալիք է անվանել։
  • Սեպտեմբերի 20-ին Չինաստանի ռազմածովային ուժերի առնվազն երեք ռազմանավ ուղարկվել է ամերիկյան և կանադական նավերին Թայվանի նեղուցում ուղեկցելու համար։
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան «Raytheon» ռազմական արդյունաբերական կորպորացիայիի նախագահ Գրեգորի Հեյսի և «Boeing Defense Space and Security» ընկերության նախագահ Թեդ Քոլբերգի դեմ՝ Թայվանի հետ պաշտպանական պայմանագրերի խոշոր փաթեթի ստորագրման համար:
  • ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրեն Դևիդ Քոենի խոսքով՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը չինական բանակիառաջ խնդիր է դրել՝ մինչև 2027 թ. Թայվանը Չինաստանի հսկողության տակ վերցնելուն նախապատրաստվելու համար: Սակայն ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Չինաստանը վերջնական որոշում չի կայացրել։
  • Լրատվամիջոցները հայտնում են Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը մոտ մեկ շաբաթ անց պլանավորում են առանձին ուղևորություններ կատարել Պեկին՝ Սի Ցզինպինի հետ հանդիպելու համար` նոյեմբերին G20-ի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ:

Թուրքիա

  • Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հուլուսի Աքարը շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի կողքին» և սրանից հետո էլ է շարունակելու սատարել Ադրբեջանին։
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքում և սահմանին ադրբեջանական ռազմական գործողությունն ավարտելու մասին:
  • Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Եթե մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»։
  • Թուրքիայում ավարտվել են interact ընկերության պասիվ էկզոկմախքի փորձարկումները։ Առաջին նմուշներն արդեն հանձնվել են անվտանգության ուժերին։ Իսմայիլ Դեմիրն այդ առնչությամբ գրել է. «Մենք ավարտել ենք պասիվ էկզոկմախքի մեր նախագիծը, որի շնորհիվ մեր զինվորի մինչև 40 կգ ծանրաբեռնվածությունը 80 տոկոսով թեթևանում է՝ նրա մանևրելու նվազագույն ազդեցությամբ։ Մենք մեր ուժայիններին փոխանցեցինք Interact-ի կողմից մշակված համակարգի առաջին նախատիպերը։ Հետադարձ կապ ստանալուց հետո մենք կսկսենք մատակարարումները»։
  • Հույները հայտարարում են և համապատասխան տեսանյութեր են տարածում թուրք սահմանապահների կողմից փախստականներին հունական կող ուղղորդելու և տեղափոխելու մասին, իսկ թուրքական աղբյուրերը, անգամ օգտագործելով ԱԹՍ-ների նկարահանումները ընդգծում են հույն սահմանապահների կողմից միգրանտներին նավերով Թուրքիայի տարածքային ջրեր վտարելու կադրեր։
  • Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM տեսակի թևավոր հրթիռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակել մատակարարումները, քանի որ հրթիռի ուժասարքը արտադրվում է Ֆրանսիայում։ Գործարքը, որը կնքվել էր մի քանի տարի առաջ, այդպես էլ չիրականացվեց, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վրա արդեն փոփոխություններ արվել են, որոնք կարող են SOM հրթիռներ կրել: Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունն արդեն SOM հրթիռներում օգտագործելու համար մշակել է Ktj-3200 ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանց մատակարարումը Roketsan ընկերությանը՝ SOM հրթիռների մեջ կիրառելու համար: Ադրբեջանը SOM հրթիռների ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել, որոնք նախատեսված են հակառակորդի ՀՕՊ-ը ճեղքելու համար:
  • Թուրքիան և Պակիստանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են համատեղ աշխատել Ռուսաստանից գազի մատակարարման նախագծի վրա։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «պակիստանա-ռուսական հոսքի» ենթակառուցվածքի մի մասն արդեն ստեղծվել է Ռուսաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։ Ռուսական գազը Եվրոպայի հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին արևմուտքից դեպի հարավ կտեղափոխվի։
  • Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը հայտնվել են աֆրիկյան Տոգոյում։
  • Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Կիպրոսի Հանրապետությանը զենքի մատակարարման էմբարգոն վերացնելու ԱՄՆ որոշումը «բացասաբար կազդի Կիպրոսի հարցի կարգավորման ջանքերի վրա, և դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքին՝ վնաս հասցնելով արևելյան Միջերկրածովյան խաղաղությանն ու կայունությանը»:

Իրան

  • Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին կուտակել է խոշոր բանակային խմբավորում,որի քանակը նախատեսվում է հասցնել մինչև 45-50 հազար զինվորականի:
  • Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հաջողությամբ է զարգանում։ Ռուսաստանը խնդիրներ չունի անօդաչուների հետ, դրանք մեզ մոտ ամենալավն են։ Հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմտրի Շուգաևը, ըստ էության պատասխանելով, արևմտյան ԶԼՄ-ների շրջանառած տեղեկություններին, թե ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ակտիվորեն կիրառում է իրանական կամիկաձե ԱԹՍ-ներ։
  • Իրանի տրանսպորտի նախարար Ռոստամ Քասեմին և Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաևը մասնակցել են Արաքսի վրայով կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը։ Նշվում է, որ կամուրջը կունենա 220 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Շինարարությունը կավարտվի 18 ամսում։
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իսլամական Հանրապետության դոկտրինն ամբողջությամբ պաշտպանական է, և հարևանները պետք է վստահ լինեն, որ Իրանի ռազմական հնարավորությունները տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են և իրենք օտարների ներկայության կարիքը չունեն»:
  • Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին:

Իրաք

  • ՆԱՏՕ-ն դիտարկում է Իրաքում իր առաքելության խնդիրների ընդլայնման հնարավորության վերաբերյալ։

Սիրիա

  • Իսրայելի ՌՕՈւ չորս F-16 կործանիչներ շաբաթ գիշերը հարված են հասցրել թևավոր հրթիռներով և կառավարվող ավիառումբերով Դամասկոսի նահանգում գտնվող ավիաբազաների վրա: Սիրիայի ՀՕՊ ուժերը «Պանցիր-Ս1» և «Բուկ-Մ2Ե» համալիրներից ոչնչացրել են 2 իսրայելական հրթիռ և 6 կառավարվող ավիառումբ: 5 սիրիացի զինծառայող է զոհվել իսրայելական ավիահարվածների արդյունքում։ Սիրիական աղբյուրները նշում են, որ կրկին հարված է հասցվել Դամասկոսի օդանավակայանի թռիչքուղուն, որը նախորդիվ նույնպես ենթարկվել էր ավիահարվածի։
  • Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն ակտիվ են Լիբանանի երկնքում։ Հնարավոր է նոր հարված իրականացնեն Սիրիայի տարածքում։

Իսրայել

  • Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Բեռլին կատարած իր այցի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կդառնա իսրայելական արտադրության Arrow 3 զենիթահրթիռային համալիրների արտահանման առաջին պատվիրատուն։ Լապիդի խոսքով՝ Իսրայելը կարևոր դեր կխաղա Գերմանիայի հակաօդային պաշտպանության նորացված համակարգի ձևավորման գործում։ Arrow 3 համալիրի ռադիոլոկացիոն կայանը կարող է միաժամանակ հայտնաբերել և ուղեկցել մինչև 12 առանձին թիրախ և դրանցից մեկին ուղղել մինչև 2 հակահրթիռային համակարգ։ Հայտնաբերման հեռավորությունը մինչև 800-900 կմ է: Առավելագույն շառավիղը, որի մեջ կարող է հայտնաբերել թիրախը 100 կմ է, իսկ բարձրությունը՝ 50 կմ: Գործարքի իրականացումը հետաձգվել է մինչև հոկտեմբեր, երբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։
  • Իսրայելի անվտանգության ուժերը բարձրացրել են մարտական պատրաստվածությունը Գուշ Դանում ահաբեկչական վտանգի պատճառով։
  • Իսրայելի ռազմածովային ուժերը իրականացրել են ազգային արտադրության Gabriel-5 հականավային հրթիռի հաջող փորձակումը արձակելով այն վերջրյա թիրախի վրա։

Աֆղանստան

  • Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Աֆղանստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը հարձակումներ է նախապատրաստում Թուրքմենստանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների և Աֆղանստանի հետ սահմանին գտնվող թուրքմենական զինծառայողների նկատմամբ:
  • «Polotico» պարբերականը գրել է. «Միացյալ Նահանգները դիտարկում է Ուզբեկստանին և Տաջիկստանին Աֆղանստանի նախկին ՌՕՈւ-ի ավելի քան 50 միավոր ավիացիոն տեխնիկա փոխանցելու հնարավորությունը, որոնք այդ երկրների տարածքում են հայտնվել Քաբուլի անկման ժամանակ: Փոխարենը Վաշինգթոնը ցանկանում է Դուշանբեից և Տաշքենդից ստանալ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում ակտիվությունն ու սահմանին թալիբների վերահսկողությունը»։

Տաջիկստան/Ղրղզստան

  • Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Ղրղզստանի և Տաջիկստանի միջսահմանային հատվածներից մեկում՝ Բակտենսի շրջանի Բուլակ-Բաշի տարածքում, կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև։ Տաջիկ սահմանապահները կիրառել են ականանետ։
  • Տաջիկստանը զրահատեխնիկա և ուղղաթիռներ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահման, որտեղ արդեն մի քանի անգամ մարտական բախումներ են սկսվել։ Տաջիկստանը հայտնում է 8 զինծառայողների զոհվելու մասին, Ղրղզստանում նշում են որ ունեն երկու վիրավոր։
  • Տաջիկստանը Ղրղզստանին մեղադրել է խոշոր տրամաչափի զենքերից մի քանի գյուղերի և իր սահմանային ուղեկալը գնդակոծելու մեջ: Ղրղզստանն իր հերթին մեղադրել է Տաջիկստանին պայմանավորվածության խախտման մեջ:
  • Ղրղզստանի ՊԱԿ-ը հայտնում է, որ Տաջիկստանը շարունակում է սահմանային հակամարտության շրջան մարտական տեխնիկա կուտակել։ Տաջիկ զինվորականները սահմանային հակամարտությունում կիրառում են «Գրադ» ռեակտիվ համակարգեր և ավիացիա։ Իր հերթին, Տաջիկստանի ՊԱԿ-ը հայտարարել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանային իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների առաջարկը։
  • Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները պայմանավորվել են պետությունների միջև սահմաններից շրջաններում լրացուցիչ կուտակած ուժերը հետ քաշելու, ինչպես նաև ընթացիկ էսկալացիայի պատճառների հետաքննության և երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արագացման հանձնաժողով ստեղծելու մասին։
  • Տաջիկստանում հայտարարել են, որ Ղրղզստանը ընթացիկ հակամարտության ընթացքում կիրառել է ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Շուրջ 20000 մարդ է տարհանվել Ղրղզստանի տարածքի խորք՝ գնդակոծությունների պատճառով։
  • Հրադադարի պայմանավորվածությունից հետո փոխհրաձգությունները սահմանին շարունակվում են, կողմերը մեղադրում են միմյանց պայմանավորվածությունը չպահելու մեջ։
  • Ղրղզստանի սահմանապահ ուժերը Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքով ոչնչացրել են Տաջիկստանի ԶՈւ զինամթերքով բեռնված մեքենան։ Ի դեպ ՀԱՊԿ անդամ երկրներից Ղրղզստանն առաջինն է, որ ռազմական հակամարտության ընթացքում կիրառել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ:
  • Տաջիկստանը Ղրղզական կողմին է փոխանցել չորս սահմանապահների, որոնք գերության մեջ են հայտնվել ընթացիկ հակամարտության ընթացքում:

ՆԱՏՕ

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի սպառազինության և այլ ռազմական ունեցվածքի պաշարները սպառվում են Ուկրաինա մատակարարումների պատճառով։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն ունի ավելացնել ռազմական արտադրությունը՝ պաշարները լրացնելու համար։ Այսպես, Գերմանիան արդեն հայտարարել է, որ հասել է Կիևին սպառազինություն մատակարարելու իր հնարավորությունների սահմանագծին, իսկ ԱՄՆ-ն ակտիվորեն պայմանագրեր է կնքում զենք արտադրողների հետ՝ սեփական պահեստները համալրելու համար։
  • Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ՆԱՏՕ-ին կոչ է արել օգտագործել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու բոլոր հնարավոր միջոցները, քանի որ Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունը լայնորեն աջակցում է Ռուսաստանի բնակչության կողմից:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է. «Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում, մեր անդամ երկրները Ուկրաինայի հակամարտության կողմ չեն, բայց մեր անդամներին մենք պատրաստ ենք պաշտպանել»։

ՀԱՊԿ

  • Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
  • Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։
  • Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևի միջև։ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտնել է Բատկենի շրջանում ղրղզա-տաջիկական սահմանին տիրող ծանր իրավիճակի մասին՝ կապված տեղի ունեցած բախումների հետ։
  • 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը: Հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ:
  • Սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրադրությունում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը և միջազգային անվտանգության հարցերը, ներառյալ Աֆղանստանի իրադրությունը: