«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը․ առաջարկում է Ղուլարյանը

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:

«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,- ասաց Ղուլարյանը:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Փլուզվել էր եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր 16 քաղաքացու մարմին։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։