Բերման ենթարկված ծնողներն ազատ են արձակվել, կազմվել են արձանագրություններ․ փաստաբան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողները դուրս են եկել ոստիկանական բաժանմունքներից, բոլորի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ՝ ոստիկանական օրինական պահանջին չենթարկվելու պահանջով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Մենք կպայքարենք արձանագրությունների դեմ։ Ոստիկաններն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել։ Իմ վստահորդների իրականացրած ակցիան խիստ իրավական էր։ «Եռաբլուրը» այս մարդկանց տունն է, և իրենք ունեն լիարժեք իրավունք իրենց կարծիքով իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձին թույլ չտալ մտնել իրենց տուն։ Ոստիկանները նաև առանց հիմնավորելու՝ նրանց ավտոմեքենաներն այս կայանատեղիից դուրս են բերել։ Միայն հետո, երբ ծնողներից մեկն առևանգման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց Ոստիկանություն, պարզվեց, որ մեքենաները տեղափոխել են»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից Ոստիկանությունը հսկայական ուժեր էր կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սևբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիրբերետավորները սկսել են քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք այստեղ՝ էին թույլ չտալու համար, որ Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Ոստիկանությունից փոխանցել են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։